ինտերվյու՝ լոգոպեդի հետ
Ձեր դպրոցականը դժվա՞ր է կարդում և գրում…
#Դիսգրաֆիա, #դիսլեքսիա
Կրտսեր դպրոցականների սիրելի ծնողներ, եթե ձեր դպրոցականը մեծ դժվարությամբ է կարդում կամ գրում, գրավոր խոսքի ժամանակ բազմաթիվ սխալներ է անում, իսկ բանավոր խոսքի ժամանակ չի կարողանում կրկնել բառի վանկերը կամ հնչյունները, հավանական է, որ երեխան ունի դիսգրաֆիա և դիսլեքսիա, որը լոգոպեդի աշխատանքի կարիք ունի:
Կանա հոգեբանական կենտրոնի լոգոպեդ Աննա Աբրահամյանը պատասխանում է դիսգրաֆիայի և դիսլեքսիայի վերաբերյալ հարցերին:
Դիսլեքսիան հիվանդություն է, թե՞ առանձնահատկություն։ Արդյո՞ք ճիշտ է այն վարկածը, որ այս երեխաներն ավելի տաղանդավոր են, քան մյուսները։
Դիսլեքսիան ընթերցանության պրոցեսի մասնակի յուրահատուկ խանգարում է, որը պայմանավորված է բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերի ձևավորվածությամբ (խանգարմամբ ) և արտահայտվում է կայուն բնույթի կրկնվող սխալնեերով:
Դիսլեքսիան առաջանում է նորմայում ընթերցանության պրոցեսն իրականացնող հոգեկան ֆունկցիաների թերի ձևավորման հետևանքով (տեսողական վերլուծություն և համադրություն, տարածական պատկերացումներ, հնչութային ընկալում, հնչութային վերլուծություն ու համադրություն, խոսքի բառաքերականական թերզարգացում):
Իմ կարծիքով ոչ թե այս երեխաններն են ավելի տաղանդավոր, քան մյուսները, այլ այս խնդիրը խոչընդոտ չի հանդիսանում տաղանդավոր և անվանի դառնալուն:
Կան շատ հայտնի դիսլեքսիկ մարդիկ, օրիանակ` Ագաթա Քրիստին, Ուինսթոն Չերչիլը, Վուդրո Վիլսոնը, Ուոլթ Դիսնեյը, Թոմ Քրուզը, Ալբերտ Էյնշտեյնը, Հանս Քրիստիան Անդերսենը, Ալեքսանդր Բելլը և այլք։
Հիմնականում ե՞րբ է սկսում դրսևորվել դիսլեքսիան:
Քանի որ, դիսլեքսիան ընթերցանության պրոցեսի խանգարում է, այն ի հայտ է գալիս դպրոցական տարիքում, երբ ձևավորվում են գրելու և կարդալու գործընթացները:
Դիսլեքսայի ժամանակ երեխան դժվարանում է յուրացնել և հիշել տառերը, բառերը:
Այնուհետև դժվարանում է կարդալ, կարդում է տառ առ տառ, փոխարինում է հնչյունները, բաց է թողնում բառերի վերջավորությունները և այլն:
Ո՞րը կամ որո՞նք են դիսլեքսիա ունեցող երեխաների հետ աշխատելու առանձնահատկությունը։
Դիսլեքսիա ունեցող երեխաների հետ աշխատանքի ժամանակ հաշվի է առնվում խանգարումների արտահայտման աստիճանը, բնույթը, տեսակը, որը հնարավորություն է տալիս որոշել լոգոպեդական – շտկողական աշխատանքների ճիշտ ուղղվածությունը:
Ինչպես նաև աշխատանքի ընթացքում ցանկացած երեխային ցուցաբերվում է անհատական մոտեցում: Երեխայի համար ստեղծվում է բարենպաստ և ապահով միջավայր :
Ի՞նչպիսի վարժություններ, առաջադրանքներ են արվում նման երեխաների հետ։
Կախված խանգարման տեսակից: Աշխատանքի ժամանակ հիմնականում օգտագործվում են տեսողական և հնչյութային վերլուծությունը, համադրությունը, ընկալումը, տարածական պատկերացումը, խոսքի բառաքերականական կողմը զարգացնող վարժություններ, առաջադրանքներ:
Արդյո՞ք այս խնդրի հաղթահարումը կախված է նաև շրջապատից ու դրա վերաբերմունքից։
Շրջապատի գործոնը շատ կարևոր է:
Սկսենք դպրոցից. կարևոր դեր ունի ուսուցիչը, ով պետք է իրազեկ լինի խնդրից, քանի որ շատ դեպքերում դիսլեքսիան ընկալվում է, որպես << ծույլիկություն>> և կարող է ազդել երեխայի ինքնագնահատականի վրա և առաջացնել թերարժեքության բարդույթ:
Իսկ ուսուցչի ճիշտ և գրագետ մոտեցումը կարող է խթանել լոգոպեդական աշխատանքը և նպաստել առավել շոշափելի արդյունավետությանը:
Ինչպես նաև շատ կարևոր է ծնողի դերը, ով պետք է անընդհատ ոգևորի երեխային, չհամեմատի այլ երեխաների հետ` գիտակցելով իր երեխայի խնդիրը:
Խրախուսվում է ուսուցիչ – մասնագետ-ծնող փոխհամագործակցված աշխատանքը, որպեսզի խուսափենք վերոնշյալ խնդիրներից:
Նույն պատկերը դիտվում է դիգրաֆայի ժամանակ:
Դիսգրաֆիան գրելու պրոցեսի մասնակի յուրահատուկ խանգարում է և արտահայտվում է կայուն բնույթի կրկնվող սխալնեերով:
Գրելու գործընթացը սերտորեն կապված է բանավոր խոսելու պրոցեսի հետ և իրականացվում է միայն դրա զարգացման բավականին բարձր մակարդակի հիման վրա:
Դիսգրաֆիայի ժամանակ երեխան գրելիս կարող է իրականացնել շատ սխալներ `բառերը կպած գրել, տառեր բաց թողնել, կարող է ունենալ վատ ձեռագիր և այլն:
Շատ կարևոր է, որ ուսուցիչը և ծնողը այս խնդիրը տարբերակեն վատ առաջադիմությունից` ժամանակին դիմելով մասնագետին:
Արդյո՞ք այն լիարժեք հաղթահարելի է, թե՞ ոչ։
Այո, կախված խնդրի աստիճանից,տեսակից, դիսլեքսիան լիարժեք հաղթահարվում է:
Շա՞տ են այս խնդիրը կրող երեխաները Հայաստանում, թե այն հազվադեպ հանդիպող երևույթ է Հայաստանում:
Հստակ վիճակագրություն չկա, սակայն , Հայաստանում`ցավոք, ընթերցանության խանգարումները բավականին շատ են տարածված: