Հիմա լավ է, բայց լավագույնը դեռ առջևում է:
«Պառլամենտ» ամսագրում ներկայացնում ենք «Կանա» հոգեբանական, զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Էլիզա Մանուկյանին: Հարցազրույցում անդրադարձել ենք «Կանա» կենտրոնի հիմնադրմանը, իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև Էլիզա Մանուկյանի մասնագիտական գործունեությանը, ձեռքբերումներին և նախասիրություններին:
- Տիկին Մանուկյան, ինչու՞ ընտրեցիք հոգեբանի մասնագիտությունը:
- Առաջին մասնագիտությամբ սոցիոլոգ եմ: Տարիներ շարունակ աշխատել եմ հանրային կապերի ոլորտում: Ինձ շատ էր հետաքրքրում հոգեբանությունը: Կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ, ում չհետաքրքրի այս գիտաճյուղը, ուստի, որոշեցի ընդունվել ԵՊՀ հոգեբանության մագիստրատուրա: Վստահ եմ, որ գրեթե բոլորը ցանկանում են ինչ-որ չափով հոգեբան լինել, քանի որ հենց հոգեբանությունն է օգնում կյանքի տարբեր իրավիճակներում՝ աշխատավայրից մինչև ընկերներ, ընտանիք, երեխաների հետ շփումներում, հարաբերություններ կառուցելու ընթացքում: Յուրաքանչյուր բնագավառում հոգեբանական գիտելիքը կարևոր է:
- Ինչպե՞ս առաջացավ զարգացման կենտրոն հիմնելու գաղափարը:
- Անձնական պահանջից: Ունեմ երեք որդի: Երբ ժամանակը եկավ հոգալու նրանց ուսումնառության հետ կապված հարցերը, դպրոցից հետո առարկայական որակյալ պարապմունքներ և դասապատրաստում տրամադրելու համար, ինքս զգացի, որքան կա նման կենտրոն ունենալու կարիք: Բացի այդ, առաջ էին եկել նաև դեռահասության հետ կապված մի շարք խնդիրներ: Ինքս սկսեցի անցնել մասնագիտական ինտենսիվ վերապատրաստումների փուլ: Շատ ծնողներ կան, ովքեր կարիք ունեն հոգեբանի աշխատանք՝ երեխաների հետ, ընտանիքում, շրջապատում հարաբերությունները բարելավելու: Ոլորտը ուսումնասիրելուց և վերապատրաստվելուց հետո, որոշումս իրականացրի և հիմնեցի կենտրոնը, որպեսզի իմ գիտելիքները օգտակար լինեն նաև մյուս ծնողներին: Հոգեբանական բազմաբնույթ աշխատանք սկսեցինք իրականացնել նաև մեծահասակների հետ:
- Ինչու՞ ընտրեցիք «Կանա» անվանումը:
- «Կանա» անվանումը ընտրել է Տեր Տաճատը: Հիմնադրման ժամանակահատվածում կենտրոնն ուներ հոգեբանական-քրիստոնեական ուղղվածություն: Կանան քաղաք է Երուսաղեմում, որտեղ տեղի ունեցավ առաջին հրաշքը՝ Հիսուս ջուրը վերածեց գինու:
Մեզ մոտ էլ հիմա «Կանա» հաճախող երեխաները գիտեն, որ իրենք հրաշք են: Իսկ մեծահասակներին մենք օգնում ենք հավատալ սեփական անսահմանափակ կարողություններին: Նրանք սկսում են հավատալ հրաշքին: Այսինքն, մենք գալիս և նորից հանգում ենք հրաշքի գաղափարին:
- Կներկայացնե՞ք «Կանա» զարգացման կենտրոնում իրականացվող աշխատանանքները:
- Մենք աշխատում ենք երկու ուղղությամբ՝ երեխաների հետ և մեծահասակների հետ: Իրականացվող աշխատանքներից են հոգեբանություն-լոգոպեդիան, հիշողության, ուշադրության զարգացում: «Կանա» կենտրոնը հայտնի է որակյալ դասապատրաստմամբ և առարկայական պարապմունքներով:
Արդեն մի քանի տարի է Կանա կենտրոնի մասնագետներն աշխատում են նաև առցանց հարթակում: Մենք ունենք թե՛ հայ մեծահասակներ և թե՛ հայ երեխաներ, ովքեր միանում են մեզ առցանց ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր երկրներից, Ռուսաստանից: Մեր մասնագետների մենթալիտետը ավելի հոգեհարազատ է աշխարհասփյուռ հայությանը: Այս իսկ պատճառով հոգեբանական խորհրդատվությունների համար սփյուռքահայերն ընտրում են Կանա հոգեբանական կենտրոնի հոգեբաններին:
Անգլերենով մաթեմատիկա ենք դասավանդում ԱՄՆ-ի և Անգլիայի հայ աշակերտներին: Շվեդիայի հայ համայնքի հետ կազմակերպում ենք շաբաթօրյա առցանց դպրոց, որի շրջանակում շվեդահայ և անգամ շվեդ թե երեխաներ, թե մեծահասակներ սովորում են Հայոց լեզու, Հայ եկեղեցու պատմություն, մաթեմատիկա, հիշողության զարգացում և այլն:
Ռուս կանանց առցանց խումբ ենք ունեցել, ովքեր մեր հմուտ մասնագետի օգնությամբ ընդամենը 6 ամսում էլեմենտար մակարդակով սովորեցին գրել, կարդալ և խոսել հայերեն:
Առցանց մեր բոլոր հաճախորդներն այնպես են կապվում իրենց մասնագետների հետ, որ ամեն ամառ տարբեր երկրների մեր հաճախորդները հյուրընկալվում են Կանայում:
- Դուք հիշողության զարգացման մարզիչ եք և վարում եք հիշողության զարգացման դասընթացներ: Ի՞նչ մեթոդներով եք զարգացնում հիշողությունը: Կպատմե՞ք այս հետաքրքիր և ոչ հաճախ հանդիպող ուղղվածության մասին:
- Ես սիրահարված եմ այդ դասընթացին: Այն անձամբ ինձ օգնեց մարզել ու վերականգնել երկարատև հիշողությունը: Արդեն չորս տարի է և՛ ես, և՛ Կանա կենտրոնի հոգեբաններն աշխատում են թե երեխաների և մեծահասակների հետ՝ զարգացնում հիշողությունը և ուշադրությունը: Հիշողության զարգացման դասընթացի հիմքում հոգեբանական հիմունքներով վարժություններ են, որոնք հիշողության հետ զուգահետ զարգացնում են ուշադրությունը, տրամաբանությունը, ինդուկտիվ, ստեղծագործ միտքը, արագ կողմնորոշվելու ունակությունը: Այս դասընթացները իրականացնում ենք թե՛ կենտրոնում, թե՛ առցանց, թե՛ խմբային և թե՛ անհատական տարբերակներով: Նշեմ նաև, որ հիշողության, ուշադրության զարգացման դասընթացն ակցկացնում ենք տարբեր ընկերությունների ստեղծագործ աշխատակիցների համար: Արդյունքում, մասնակիցները կարողանում են հեղինակել նոր ապրանքներ/ծառայություններ:
- Ի՞նչ նախասիրություններ ունեք:
- Շատ եմ սիրում կարդալ: Ընթերցում եմ և՛ մասնագիտական, և՛ գեղարվեստական գրականություն: Այս պահին կարդում եմ Конкордия Антарова «Две жизни» քառահատորյակը: Ի դեպ, հիշողության զարգացման առցանց դասընթացի բժշկուհի հաճախորդուհուս նվերն է, որ ինձ համար շատ արժեքավոր է:
Բացի այդ՝ շատ եմ սիրում գնալ սարեր, արշավների մասնակցել: Լեռնագնացությունը զարգացնում է նաև մի շարք կամային հատկություններ, դժվարություններ հաղթահարելով նպատակին հասնելու ձգտումը, ուժը: Լեռներ գնում ենք ընտանիքով: Դա ևս ունի իր հետաքրքրությունը:
- Ներկայացրեք Ձեր փոքրիկ հայրենիքը՝ սիրելի ընտանիքը:
- Սիրելի ամուսնուս հետ միասին դաստիարակում ենք մեր երեք որդիներին: Նա պահանջկոտ է ու խիստ, ինչի շնորհիվ էլ մեր երեխաները մեծանում են խստության, կարգապահության և սիրո մեջ միաժամանակ: Ինքնուրույնությունը և կոկիկությունը սերմանել ենք նրանց մեջ դեռ վաղ հասակից:
- Եթե ֆիլմ նկարահանվեր Ձեր մասին, ինչպե՞ս կվերնագրեիք այն:
Փնտրողը:
- Ձեր հիմնադրած «Կանա» հոգեբանական կենտրոնն այսօր հայտնի է հանրության լայն շրջանակներին: Ձեզ հաջողվել է հիմնել և կայացնել այս կենտրոնը: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
- Սիրել աշխատանքը: Ունենալ այնպիսի կոլեկտիվ, որի յուրաքանչյուր անդամ ինքն էլ շատ սիրում է իր աշխատանքը: «Կանայում» հավաքվել է շատ լավ կորիզ՝ մասնագետներ, ովքեր սիրում են թե՛ իրենց աշխատանքը, թե՛ կենտրոնի այցելուներին: Դրական արդյունքի հասնում են բոլորը:
- Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:
- Դժվարություններից և խնդիրներից չխուսափելն է: Մեր՝ հիշողության զարգացման դասընթացը ևս օգնում է խնդրին նայել տարբեր տեսանկյուններից: Ամեն օր հանդիպում ենք նոր մարտահրավերների: Կարևորը՝ դրական մոտեցում ունենանք և պահպանենք լավատեսությունը: Հավատացեք, երբ մարդու կամ երևույթի մեջ լավն եք փնտրում, ստանում եք լավը. սա կյանքի օրենք է:
- Ունե՞ք կյանքի կարգախոս:
- Հիմա լավ է, բայց լավագույնը դեռ առջևում է:
- Ձեր սիրելի բույրը:
- Սիրելի բույրեր շատ ունեմ: Առանձնացնեմ բնության, նոր հնձած խոտի, սարերի ու լեռների թարմության, անտառների բույրերը:
- Ափսոսում եք արածների՞, թե՞ չարածների համար:
- Չարածների համար ափսոսալ իմաստ չունի: Պետք է անես, փորձես: Եթե անգամ սխալ ես, միևնույնն է, այդ սխալի վրա դու ևս սովորում և առաջ ես գնում:
- Ո՞րն եք համարում Ձեր կյանքի մեծագույն ձեռքբերումը:
- Կյանքը, ընտանիքը, աշխատանքը: Ամեն ինչին դրական վերաբերվելու կարողությունը. սա ևս շատ կարևոր է: Մեր օրերում լավատես լինելը մեծ ձեռքբերում է:
- Եթե առիթ լիներ և հանդիպեիք Աստծուն, ի՞նչ կասեիք Նրան:
- Оրը մի քանի անգամ խոսում եմ Աստծո հետ: Մեքենայում, մեր այգում, ամենուր ու տարբեր իրավիճակներում մտովի խոսում, շնորհակալություն հայտնում և խնդրում եմ իմաստնություն: Իմաստնությունը շարժիչ ուժ է՝ առաջ գնալու և հաջողությունների հասնելու համար:
- Ըստ Ձեզ՝ ո՞վ է հայը:
- Արարող, ստեղծող, նպատակասլաց, քարից բնություն և բարիք ստեղծող մարդն է:
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին և «Կանա» զարգացման կենտրոնի այցելուներին:
- Մաղթում եմ կայունություն, խաղաղություն և լավատեսություն: Ես հավատում եմ, որ հայ ազգը ընտրյալ ազգ է; Որքան էլ, որ լավատեսության հիմք հիմա շատ քիչ ունենք, միևնույննն է, հավատում եմ, որ այս իրավիճակից էլ ենք պատվով դուրս գալու: «Պառլամենտ» ամսագրին մաղթում եմ բազում հաջողություններ, քանի որ քրիստոնեական ամենաբարձր արժեքներով առաջնորդվող ամսագիր է: Մաղթում եմ հոգևոր խաղաղություն, անդորրություն, ամենաբարին: Թող բոլորը գտնեն այն, ինչ փնտրում են կյանքում: